Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և նշել, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը եղել է սերտ և արդյունավետ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Չինաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ և ամրապնդմամբ: Վարչապետի խոսքով՝ դրա համար լավ հիմք են անցյալ տարի Պեկինում իր բանակցությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահի և վարչապետի հետ:
Իր հերթին Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը ևս շահագրգռված է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմամբ:
Դեսպանի խոսքով՝ վերջին տարիներին ավելացել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, ընդլայնվել են հումանիտար կապերը։ Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին կիրագործվի երկկողմ համագործակցության մեծ ներուժ, որի հիմքը Հայաստանի և Չինաստանի կառավարությունների կամքն է:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և նոր ծրագրերի իրականացման ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր