ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գնդեվազ համայնքում մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 15-ին Գնդեվազ համայնքի 54-ամյա բնակիչը, դրսևորելով խտրական վերաբերմունք, առանց որևէ պատճառաբանության, հրապարակային հայհոյանքներ է հնչեցրել համագյուղացիների և նրանց ընտանիքների անդամների հասցեին:
Վերջիններս, տեղեկանալով այդ մասին, պարզաբանման նպատակով պայմանավորվել են հանդիպել «Խաչերի գլուխ» կոչվող տարածքում:
Կողմերը, զինվելով փայտյա մահակներով և մետաղյա ձողերով, 2020թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նշված տարածքում հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր:
Հանդիպումը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում կողմերը, միմյանց նկատմամբ իրենց գերակայությունը ցույց տալու համար, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Գնդեվազ համայնքի բնակիչների նկատմամբ, հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկաներով՝ փայտյա մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչպես նաև ոտքերով ու ձեռքերով, հարվածներ են հասցրել միմյանց և իրենց գործողությունները զուգորդելով նաև բռնություն գործադրելու սպառնալիքով՝ փոխադարձաբար քարեր են նետել և վնասել շրջակայքում գտնվող ավտոմեքենաները՝ այդ կերպ խախտելով համայնքի բնակիչների հանգիստն ու գիշերային անդորրը, խաթարելով բազմաթիվ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում և անպաշտպանվածություն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ միջադեպին մասնակից անձանցից երեքին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված երեք մեղադրյալների նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող երեք ակտիվիստներ երեկ ձերբակալվել են խուլիգանություն իրականացնելու կասկածանքով։
Ոստիկանության փոխանցմամբ, ծեծկռտուքից օրեր առաջ ակտիվիստները հանքավայրում աշխատող քաղաքացիների հասցեին հայհոյանքներ են հնչեցրել։ Ինչից հետո էլ պարզաբանումներ ստանալու համար կողմերը սեպտեմբերի 15-ին հանդիպել են Գնդեվազ գյուղում։ Սկսել են փոխադարձ հայհոյանքներն ու հարվածները ոտքերով, ձեռքերով, քարերով, փայտե մահակներով ու երկաթե ձողերով։ Վիճաբանության ժամանակ էլ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը քարով կոտրել է իրենց մոտեցող մեքենայի դիմապակին։ Նրա օրինակին են հետևել նաև մյուս մասնակիցները, որոնք էլ քաշել և պոկել են մեքենայի էլեկտրական մալուխները։