Armenia Today-ը ներկայացնում է մամուլի առավել ուշագրավ նյութերը՝ սեպտեմբերի 25-ի առավոտյան․
«Փաստ» թերթ
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեությունն իր հսկողության տակ է պահում Փաշինյանը. ի՞նչ կա մտքին
«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը դարձյալ ձգձգվում է: Այն փաստացի կներկայացվի հոկտեմբերի սկզբին: Իսկ ուշացման համար, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, կան «խորքային» պատճառներ:
Բանն այն է, որ առաջնային խնդիր է դրված առավելագույնս վարկաբեկել այդ օրերի իշխանություններին ու զինվորական ղեկավարությանը, իսկ համապատասխան շարադրանքն այնպես կազմել, որ հնարավորինս արժանահավատ լինի:
Դրա համար ժամանակ է պետք: Մյուս կողմից, հարցը բարդանում է այն առումով, որ, ըստ նույն աղբյուրների, ողջ գործընթացն իր անմիջական վերահսկողության տակ է պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի զեկույցում հատկապես քաղաքական գնահատականները լինեն այնպես, ինչպես «պետք է»:
«Ժամանակ» թերթ
Ծառուկյանը պատրաստ է կալանավորմանը. նա արդեն հանձնարարականներ է տալիս թիմի անդամներին
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հոգեբանորեն պատրաստ է կալանավորմանը:
Ըստ ԲՀԿ-ականների՝ նա արդեն հանձնարարականներ է տալիս թիմի անդամներին, թե ով ինչով պետք է զբաղվի իր կալանավորման ժամանակ: Ծառուկյանը համարում է, որ իր կալանավորումը չի կարող երկար տևել՝ առնվազն 2-4 ամիս»:
«Ժողովուրդ» թերթ
Վիզաների ազատականացման հարցում լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո
«Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է քննարկմանն ընդառաջ պարզել, թե ինչ իրավիճակում է այժմ գտնվում համաձայնագրի կիրառումը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ավարտին է մոտենում համաձայնագրի վավերացման գործընթացը:
«Այս պահի դրությամբ մնացել է մեկ երկիր, որը դեռ չի վավերացրել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ երկիրը Պորտուգալիան է, սակայն համաձայնագիրն արդեն գտնվում է այդ երկրի խորհրդարանում, այն օրակարգում է, կարծում եմ՝ մինչև տարեվերջ վավերացումը տեղի կունենա», – նշեց Եղոյանը:
Սակայն, դրան զուգահեռ, առկախված է մնում վիզաների ազատականացման հարցը, որի պատճառը նաև կորոնավիրուսային համավարակն է: «Անցյալ տարվա դրությամբ մենք ունեինք 1-2 գործընկեր երկրի կողմից անհամաձայնություն և այդ առումով աշխատում ենք՝ հաշվի առնելով ընդհանուր փոփոխությունը՝ համավարակի հետ կապված, որը, կարծում եմ, ընդհանուր ազդելու է միգրացիոն հոսքերի կառավարելիության վերաբերյալ քաղաքականության վրա: Բայց կարծում եմ՝ լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո», – հավելեց պատգամավորը:
«Արտ Լանչ»-ին պատժելու փոխարեն ՍԱՏՄ ղեկավարն է պաշտոնը թողնում
«Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանի անակնկալ հրաժարականի պատճառը «Արտ Լանչ» ընկերության անբարեխիղճ աշխատանքն է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հիվանդանոցին մատակարարված սննդի ընդունումից հետո աղեստամոքսային խանգարում էր ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի: Իհարկե, այս դեպքից հետո «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պայմանագիրը խզել է «Արտ Լանչ»-ի հետ, սակայն այդպես էլ ընկերության ղեկավար կազմը պատասխանատվության չի ենթարկվել 5 տասնյակից ավել մարդկանց փաստացի թունավորելու համար։ Փոխարենը կառավարական կուլիսներում «որոշում է կայացվել» «պատժել» ՍԱՏՄ ղեկավարին՝ ազատելով պաշտոնից։ Ավելին «Արտ Լանչը» կշարունակի բարգավաճել, մոնոպոլ դիրքեր գրավել պետական համակարգում, սնունդ մատակարարել ՀՀ ՊՆ զորամասերին։ Ու հիմա արդեն կասկածահարույց է, թե ինչ որակի սնունդ է հասնում զինվորներին։
Իսկ, թե ինչու է այսքանից հետո «Արտ Լանչը» շարունակում արտոնյալ մնալ որևէ տույժ չկրելով՝ դժվար է ասել։ Չի բացառվում, որ այս ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Բակուր Մելքոնյանի, հիմա էլ վայելում է գործող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանավորչությունը։ Ինչու ենք այդպես կարծում՝ որովհետև նախկինում էլ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հովանավորյալն էր։ Բայց, հետաքրքիր զուգադիպությամբ, ընկերությունը պետական համակարգում արմատներ գցեց նաև թավշյա հեղափոխությունից հետո։
Ինչևէ, դառնալով Գեորգի Ավետիսյանի հրաժարականին, հավելենք, որ Ավետիսյանի հրաժարականի մասին հայտնի դարձավ ՀՀ վարչապետին հաշվետվություն ներկայացնելուց ժամեր անց։ Եվ լուրեր կան, որ աշխատանքից հեռանալու մյուս պատճառներից մեկն էլ օղու թունավորման դեպքերն են, որից մարդիկ մահացան։ Իսկ թե ինչպես պետք է Ավետիսյանը հսկեր տանը օղի թորողներին, նա չի կարողացել պատկերացնել։ Ամեն դեպքում, երեկ այս տեղեկությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Գեորգի Ավետիսյանի հետ, սակայն նա հեռախոսահամարներն անջատել էր ու բոլոր կապերով դարձել անհասանելի»։
«Հրապարակ» թերթ
Միշուստինը կհանդիպի՞ Գագիկ Խաչատրյանի հետ
«2020 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
«168 ժամը» երեկ գրել էր, որ հավաքին հնարավոր է ներկա լինի նաև ՌԴ վարչապետ Միշուստինը, որը ցանկություն է հայտնել հանդիպել կալանավայրում գտնվող իր վաղեմի ընկեր Գագիկ Խաչատրյանի հետ, և դա դիտարկվել է որպես Միշուստինի ներկայության հիմնական նախապայման։
Մենք փորձեցինք պաշտոնական մեկնաբանություն ստանալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Նախ խոսեցինք փոխվարչապետի օգնական Արսեն Մանուկյանի հետ, որն ասաց, թե լիազորված չէ նման հարցերին պատասխանել, նաև՝ տեղյակ չէ․ առաջարկեց հարցն ուղղել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանին։
Նա էլ հրաժարվեց պատասխանել՝ առաջարկելով դիմել «ԱԳՆ կամ պռատակոլ»։ Արարողակարգից ծառայության ղեկավար Վահե Հակոբյանն ասաց․ «Գրավոր հարցում արեք հասարակայնության հետ կապերի վարչությանը կամ ԱԳՆ»։
Կապվեցինք նաև ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, որը միայն հայտնեց, որ սեպտեմբերի 9-ին ստացվել է պաշտոնական տեղեկատվություն առ այն, որ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները համաձայնեցրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը ս.թ. հոկտեմբերի 8-9-ը Երևանում անցկացնելու հայկական կողմի առաջարկը:
Ինչ վերաբերում է Միշուստինի ներկայությանն ու Խաչատրյանին հանդիպելու ցանկությանը, ապա ԱԳՆ խոսնակն ասաց․ «Մենք նման տեղեկություն չունենք»։
ԲՀԿ-ի դեմ արշավանքը նոր ծավալներ է ստանում
«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված ընտրակաշառքի գործին զուգահեռ իրավապահները շարունակում են փորփրել ԲՀԿ-ական բոլոր ներկա ու նախկին պատգամավորների անցյալը։
ԲՀԿ-ական գրեթե բոլոր մարզային գրասենյակները, ոմանց բնակարանները խուզարկել են, մինչ օրս էլ իրավապահները մարզերից ԲՀԿ-ի համակիրներին ու ընտրողներին են գտնում, կանչում հարցաքննության, որ մեղադրական եզրակացություն կազմեն և ուղարկեն դատարան։ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում կատակեց, թե երկու ամիս է՝ «քարտուղարուհի են աշխատում»՝ զբաղված են միայն իրենց ընտրողների զանգերին պատասխանելով։
Վերջիններս կապ են հաստատում և փոխանցում, որ իրավապահներն իրենց հարցերով քրքրում են, որպեսզի ցանկալի պատասխաններ ստանան։
Նախկին ԲՀԿ-ականներից, անգամ ԲՀԿ-ից հեռացածներից էլ ձեռք չեն քաշում։ Երեկ տեղեկացանք, որ Գլխավոր դատախազությունը Աբրահամ Մանուկյանի գործով վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Իսկ վերաքննիչը հուլիսի 9-ին բեկանել էր նախկին պատգամավորին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը։ Աբրահամ Մանուկյանը նույնպես մեղադրվում է ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու մեջ»:
«Իրատես» թերթ
Մեծացել է ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից
«Իրատես» թերթը գրում է. «ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել և մասնավորապես այն մարդկանց, որոնք այս իշխանության մեջ են սողոսկել, բայց պորտալարով ընդմիշտ Տեր-Պետրոսյանի հետ են։
Նրանք դժգոհ են ոչ միայն տարբեր ոլորտների վերաբերյալ որոշումներից, քայլերից, այլև իրենց հանդեպ Փաշինյանի վերաբերմունքից։ Ասում են՝ վերջին շրջանում կոնգրեսի երբեմնի քարոզիչ, Տեր-Պետրոսյանի հոգեզավակի տիտղոս վաստակած Փաշինյանն ընդգծված իր բացասական վերաբերմունքն է հայտնում ՀԱԿ-ականների ու նրանց մերձ շրջանակների վերաբերյալ, ինչը, բնականաբար, անարձագանք չի մնում այդ կուսակցությունում»։