Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ․ թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, և կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։
Նշենք, որ արտոնությունները նախատեսված էին կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար:
Ապրիլի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում հաստատվել է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը ԵԱՏՄ երկրներ երրորդ երկրներից ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ ազատվում է ներմուծման տուրքերից:
Ցուցակում տեղ են գտել մի շարք գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, կաղամբ, գազար, բրինձ, հնդկաձավար, մանկական սննդի համար պատրաստի մթերքներ, ինչպես նաեւ որոշ դեղամիջոցներ և բժշկական նշանակության առարկաներ: