Սեպտեմբերի 28-ին հակառակորդը տարածել էր ապատեղեկատվություն այն մասին, թե Թալիշում զոհվել է փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը։ ՀՀ ՊՆ-ը՝ ի դեմս Արծրուն Հովհաննիսյանի և Շուշան Ստեփանյանի, հայտնել է, որ բարձրաստիճան զինվորականների մասին ադրբեջանական լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Այսօր արդեն հրապարակվել է փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերջինս մեկնաբանում է իր «մահվան» մասին լուրերը. հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։
Հավելենք, որ Լեռնիկ Բաբայանի ենթադրյալ մահվան մասին պատմող տեսանյութում օգտագործվել են 2012 թվականին նկարահանված ռեպորտաժից կադրեր։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշմանին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: