Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 30-ին ԵՄ կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի միջև:
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է կրակի անհապաղ և ամբողջական դադարեցման, կողմերի և այլ երկրների կողմից առավելագույն զսպվածության դրսևորման անհրաժեշտությունը:
Աջակցություն է հայտնվել սեպտեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հատուկ հայտարարությանը` հակամարտող կողմերին կոչ անելով դադարեցնել հետագա էսկալացիան: Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստերում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշմանին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: