ԱԺ-ն կառավարության առաջարկով այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտահերթ նիստ է գումարել։
Գործադիր մարմինն առաջարկել է ռազմական դրությամբ պայմանավորված՝
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ» կատարել։
Զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ օրենսդրության վերլուծությունից բխում է, որ ռազմական դրությամբ իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումների և սահմանափակումների խախտման համար պատասխանատվության միջոցներ ոչ բոլոր դեպքերով են սահմանվում։ Մինչդեռ անհրաժեշտ է նման միջոցներ նախատեսել , քանի որ դրանց կիրառմամբ հնարավոր կլինի ապահովել ռազմական դրության իրավական ռեժիմի արդյունավետ պահպանումը։
Եվ այսպես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնների խախտման դեպքում տուգանքներ կսահմանվեն։
Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելու դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
Սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը խախտելու դեպքում կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելու դեպքում տուգանքը կկազմի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելու դեպքում տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
Իսկ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:
Ռազմական դրությունը նաև ստիպել է վերանայել աշխատանքային օրենսգիրքը՝ լրացումներ և փոփոխություններ կատարելով։
Արդարադատության նախարարի խոսքով՝ օրենքի ընդունմամբ առաջարկվում է հստակ սահմանել, որ ռազմական հավաքներին մասնակցելու կամ զորակոչվելու դեպքում աշխատողի աշխատատեղը և ստաժը պահպանելու երաշխիք է տրվում, ինչպես նաև աշխատանքի վարձատրության հավելյալ հնարավորություն նախատեսվում։ Այս օրենքով կամավորներն ու զորակոչվածները կպահպանեն աշխատատեղերը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի սահմանի երկայնքով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։