Վերսկսելով ռազմական գործողությունները՝ Ադրբեջանը նպատակ ուներ հասնելու Հայաստանի սահման և փակել Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը թողնելով շրջափակման մեջ։ Այս մասին երեկ «Զինուժ»-ին տրված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
«Հարավային ուղղության վրա ադրբեջանական ուժերի կենտրոնացումը նպատակ ունի լուծելու Թուրքիայի աշխարհաքաղաքական խնդիրը՝ միավորվել Նախիջևանի հետ և Իրանին կտրել այդ սահմանից»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը և, գնահատելով ռազմական գործողությունների 12 օրերը, նշել է, որ թշնամին չի կարողացել լուծել նույնիսկ առաջին օրվա խնդիրը՝ ճեղքել մեր պաշտպանությունը, և եթե անգամ թշնամին մի տեղում ունեցել է հաջողություն, ապա դրանք եղել են տակտիկական, մարտավարական, որոնք Ադրբեջանին որևէ առավելություն չեն տալիս։
«Հիմնականում հաջողության հասան հարձակման առաջին փուլում, և մեր բանակը կանխեց այդ հաջողությունը։ Ավելին՝ մեր բանակը հասցրեց մեծ կորուստներ։ Սա խոսում է այն մասին, որ մեր բանակը շատ հստակ և ժամանակին բացահայտել է այդ գործողությունների նպատակը, պատրաստվել և կարողացել է հետ մղել հարձակումը։ Բացի այդ՝ մենք կարողացել ենք այս ընթացքում նախապատրաստվել և հակահարվածներ հասցնել տարբեր ուղղություններով»,- ասել է 1999-2000 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հարությունյանը։
Անդրադառնալով հայկական կողմի միջազգային, դիվանագիտական հաջողություններին՝ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ այստեղ ևս մենք ունենք հաջողություններ․
«Մեզ կարողացել ենք միջազգային հանրությանը ցույց տալ, որ սա Թուրքիայի կողմից հրահրած պատերազմ է, որում էլ ակտիվ մասնակցություն է ունենում։ Թուրքիան վաղուց հայտարարել է, որ սկսում է Օսմանյան կայսրության վերականգնման գործընթաց։ Այդ մտադրությունը սպառնալիք է Հայաստանի և Ռուսաստանի համար, որովհետև Թուրքիան նպատակ ունի հերթով պայթեցնել հյուսիսային Կովկասը, Կասպից ծովի հատվածները, և այս սպառնալիքը գիտակցում է նաև Եվրոպան»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը։