Մարդասիրական հրադադարն ընդհանուր առմամբ որոշ հատվածներում ուժի մեջ է, բայց կան ուղղություններ, որտեղ հակառակորդը փորձում է որոշ հատվածներում ճեղքել ՊԲ պաշտպանական համակարգը: Այս մասին հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Նրա կարծիքով՝ հակառակորդը որոշ հատվածներում շարունակելու է ակտիվ գործողությունները:
ԱՀ նախագահի խորհրդականը նշեց, որ Ադրբեջանի հիմնական թիրախը Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է, որը բավարարում է Իրանի կարիքները: Հակառակորդը փորձում են այն շարքից հանել կամ վերցնել իր տիրապետության տակ, որ հետագայում ազդեցիկ լծակ ունենա Իրանի նկատմամբ:
Դավիթ Բաբայանը նշեց, որ Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ հրադադարի վերականգնման և պատերազմի դադարեցման ուղղությամբ:
«Եթե այս անգամ ևս հակառակորդը չհարգի միջազգային հանրության ջանքերը և չեղյալ հայտարարի հրադադարը, ապա երրորդ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները շատ ավելի կոշտ, լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը: Որոշ երկրներ երրորդ անգամ չեն հանդուրժի Ադրբեջանի նման պահվածքը»,- նկատեց նա:
Բաբայանը նաև հայտնեց, որ հարավային ուղղությամբ մարտերը դեռ թեժ են, բայց Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ է շպրտում հակառակորդին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: Հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական կողմը խախտել է:
Առաջին հումանիտար հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը նույնպես հակառակորդը խախտել է: