ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ըստ նրա, 09:30-ին (Երևանի ժամանակով 17:30-ին) նախատեսվում է, որ Պոմպեոն բանակցություններ կվարի Ադրբեջանի նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին) իր հայ գործընկերոջ հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 874 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվե է թշնամու կողմից: