ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել CNN-ի «Amanpour» հեռուստածրագրին:
Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռևս հրադադարի հաստատման հույս կա։
Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձևաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, և այնուհետև մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք և աջակցում։
Քրիստիան Ամանպուր. Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, նա պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը:
Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման և հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը և մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։
Մանրամասներն՝ այստեղ: