Այսօր ԱԺ-ն ն քննարկվում է Կառավարության ներկայացրած ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ապրիլի 21-ին ստորագրված վարկային համաձայնագիրը, որով սոցիալական ներդրումների, տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորում կտրամդրվի մեր երկրին։
Զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է շարունակել «Տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող նախկին 2 ծրագրերը, որոնք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը։ Վերջին ծրագիրն ուներ 30 մլն դոլարի արժեք, որով վերակառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ, առողջապահական կառույցներ։
«Առաջարկվող ֆինանսավորմամբ մենք լրացուցիչ 17 մլն դոլար գումար ենք ակնկալում ստանալ, որով նախատեսվում է զարգացնել համայնքների սոցիալական ենթակառուցվածքները»,- ներկայացրեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ վարկային այս համաձայնագիրը վավերացնելու արդյունքում կվերականգնվեն նաև մի քանի համայնքների ջրագծեր։
Հարակից զեկուցող «Իմ քայլը» պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն արդեն իսկ դրական գնահատական է տվել նախագծին, քանի որ ծրագրի նպատակը համայնքների զարգացումն է։
Նշենք, որ օրակարգում ներառվել են «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։