Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան տված հարցազրույցով, ընդ որում՝ շատ անհաջող կերպով և մանիպուլյացիաների միջոցով, փորձեց մեղմել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջին նախորդ օրը կատարած՝ քաղաքացիական պատերազմի սադրանք պարունակող գրառման ուղերձները՝ զուգահեռաբար ձգտելով մեղադրել ուրիշներին։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանը՝ Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անունից:
Ստիպված ենք արձանագրել, որ հատկապես դավաճանական զինադադարի հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի քայլերը ճգնաժամը հաղթահարելու փոխարեն միայն նպաստում են դրա խորացմանն ու ծավալմանը։ Խոսքի և գործի աղաղակող տարբերությունը, առաջին հերթին՝ Երևան քաղաքում և հարակից բնակավայրերում ռազմական դրության իրավական ռեժիմն անհարկի կերպով պահպանելը և դրա լծակների չարաշահմամբ քաղաքական ու քաղաքացիական բնականոն գործընթացների զարգացումը ոստիկանական բռնությունների և հալածանքի միջոցով խափանելը, հավատ չի ներշնչում նաև նշված հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնված ուղիղ հավաստիացումը, թե վարչակազմն իր կողմից բացառում է բռնության խոսքը և բռնությունը։
Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը չի դատապարտել Հանրապետության հրապարակի մեծ էկրանից իրեն աջակցող զինծառայողների շուրթերով հնչեցված բռնության սպառնալիքի հեռարձակումը և պատասխանատվության չի կանչել այն հեռարձակած և տարածած պաշտոնատար անձանց, որոնց թվում կան նաև իր թիմի անդամներ։
Այլընտրանք չունեցող այս հրամայականի հիմնական հասցեատերն ու երաշխավորն անձամբ Նիկոլ Փաշինյանն է, ուստի նա պետք է ընդառաջ գնա հասարակությանն ու քաղաքական բևեռներին՝ առաջին հերթին նաև քայլեր ձեռնարկելով Երևանի և հարակից բնակավայրերի տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու ուղղությամբ։