2020թ-ի նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում քննարկվել է բուհի ռեկտորի ընտրության հարցը։ Հոգաբարձունների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը նշել է, որ համալսարանի ռեկտորի ընտրության օրը սահմանվել է նոյեմբերի 16-ը՝ հիմք ընդունելով ռեկտորի ընտրությունների ընթացակարգը։ Այս մասին հայտնում է Կրթության նախարարությունը։
Նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը։
Մինչ խորհրդի նիստի բուն օրակարգին անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած ուսանողների, ինչպես նաև մյուս նահատակների հիշատակը։