Հայաստանը կարող է միջպետական պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, ըստ որի՝ մեկ կամ երկու հանրապետական և մայրաքաղաքային հաճախականություններ կհատկացվեն ռուսական հեռուստաընկերություններին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցը քննարկելիս Տիգրան Հակոբյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 25 հաճախականությունների մրցույթ է հայտարարվել:
Դրանցից 6-ը հանրապետական նշանակության են. մասնակցում են 12 հեռուստաընկերություններ։ 9 հաճախականություններ մայրաքաղաքային են. մրցույթին մասնակցում են 4 հեռուստաընկերություն։ Եվս 10 մարզային հաճախականության համար պայքարում են 13 հեռուստաընկերություն:
«Մրցույթի արդյունքները կհայտարարվեն հաջորդ տարվա հունվարին։ Վստահեցնում եմ, որ մրցույթի արդյունքները քաղաքականացված չեն լինելու․ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին, կհաղթեն այն հեռուստաընկերությունները, որոնք կառաջարկեն լավագույն ծրագիրը»,- հայտարարել է Հակոբյանը։
Նշենք, որ նիստին հայկական վեց հեռուստաալիքներ՝ «Արմնյուզը», «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «TV5»-ը, «Կենտրոնը», «Արմենիան» և «ATV»-ին ներկայացրել են իրենց ծրագրերը։