«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասել է, թե իրեն ՀՔԾ են հրավիրել մեղադրանք առաջադրելու համար։
Նա նշել է, որ իշխանությունները նպատակ ունեն կասեցնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը.
«Սա հստակ քաղաքական հետապնդում է բոլոր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Իշխանությունները փոխարենը զբաղվեն այս պահին ամենակարեւոր՝ զոհված, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների հարցերով, զբաղված են մեր հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներ իրականացնելով»,- ասել է Վանեցյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակած ճանապարհային քարտեզին՝ Վանեցյանն ասել է, որ 2,5 տարի բոլոր ուղղություններով, բոլոր գործերով ձախողած մարդը, որը, ցավոք սրտի, այսօր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, չի կարող որեւէ ճանապարհային քարտեզ հրապարակել։
«Այս ծանր վիճակում մեզ պետք են պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող մարդիկ, որպեսզի կարողանան երկիրը եւ հայերին հանել այս ծանր ու ամոթալի վիճակից»,- ասել է Վանեցյանը և նշել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր բարոյական իրավունք չունի վարչապետ կոչվելու, քանի որ նա մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը եւ իր գործունեությամբ խոր փոսի մեջ գցել Հայաստանն ու Արցախը։
«Ընդդիմությունն իր գործն անում է եւ հանրային պահանջի բարձրացման աստիճանի հետ վարչապետը հրաժարական կտա»,-համոզված է Վանեցյանը։