Պարտության առաջին մեծ պատճառը ղեկավարումն է՝ զինված ուժերի խաղաղ պայմաններից անցումը պատերազմական վիճակին և պատերազմի ընթացքում այն ղեկավարելը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մեր զորահավաքը պատերազմի ընթացքում ամբողջությամբ չի իրականացվել։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Արցախի Հանրապետությունում իրականացվել է զորահավաքի 70 %-ը, իսկ ՀՀ-ում՝ 52 %։
«Այստեղ ևս մեկ հանցագործություն է կատարվել՝ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը: Սա ամենաբարդ գործընթացն է, որի համար բոլորի ջանքերն են պետք: Երկրի վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումն ու կամավորականներին ուղարկել առաջնագիծ, ինչը սխալ է: Դա եղել է պատերազմի 3-րդ օրը: Պատերազմի 5-րդ օրը 1500 հոգի փախել է առաջնագծից, նրանց մեկուսացրել են, որ չգան և խուճապ չտարածեն»,- ներկայացրեց նա։
ՊՆ նախկին պաշտոնյան նշեց, որ այս պատերազմում կռվել են 2016-ին գնած զենքերով, իսկ հեղափոխությունից հետո զենքերի ձեռքբերման պլանը փոխվել է։
Ձեռք են բերվել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «ՕՍԱ-ԱԿԱ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել։
«Ձեռք են բերել, որովհետև չեն իմացել, թե պատերազմն ինչ է: ՍՈՒ 30-ի համար պայմանագրից հետո անձամբ վարչապետին ասել եմ, որ դրա համար պատասխան են տալու: Վարչապետը պատասխանել է՝ «արդեն արել ենք»: Զինատեսակը ձեռք են բերել՝ չկարդալով, որ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է դրանց մարտագլխիկների վաճառքը երկրորդ երկրներին։ Ձեռք են բերել «ՕՍԱ-ԱԿԱ»-ներ և տեղյակ են եղել, որ դրանց հրթիռները չեն արտադրվում, դրանց մասերը չկան, ու, եթե փչանան, չեն կարող նորոգել»,- մանրամասնեց Հակոբյանը։
Վերջապես Մովսես Հակոբյանը պատասխանեց նաև հասարակության կողմից բազմից բարձրաձայնված այն հարցի պատասխանը, թե այս պատերազմի ընթացքում այդպես էլ չօգտագործվեցին «Իսկանդերներն» այն դեպքում, երբ բոլորս հպարտանում էինք այդ ձեռքբերումով։
Զինվորականը հայտարարեց, որ «Իսկանդերները» գործարկվել են, սակայն, չնշեց՝ երբ և որտեղ։