ՀՀ ազգային ժողովը 75 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինագծի հիմնական նպատակն է՝ պահպանել աշխատավարձի դրույքաչափն այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ։
Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ՝ գերության մեջ հայտնվելու դեպքում զինվորականն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, բայց պահպանվում է վերջինիս աշխատավարձը։
«Գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների կենսագոյության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում, իսկ այս հանգամանքը հակասում է զինծառայողի իրավական, սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությունը: Պայմանագրային զինծառայողները, պահեստազորի մեր զինվորականները մարտական գործողությունների, զինվորական ծառայության ընթացքում գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ այդ գերեվարության մեջ հայտնվելը հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն` ապացուցվում է, որ մարտական գործողությունների ընթացքում հայտնվել է գերության մեջ, ոչ թե ինքնական լքել է դիրքը կամ զորամասը, ապա այսուհետ նրանց ընտանիքները, գերեվարության ընթացքում կշարունակեն ստանալ այդ գումարները»,- ներկայացրեց պատգամավորը։
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն էլ հավելեց, որ օրենքը կկիրառվի 2020 թվականի հունվարի 1-ից սկսած։