Մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել իրավական ռեժիմը հանելուց: Այս մասին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ ներկայումս մենք խնդիր ունենք սահմանների պահպանության հետ կապված:
«Ո՞նց ենք մենք դիտարկում այդ խնդիրը, ո՞նց ենք մենք տեսնում դրա լուծման ուղիները: Մեր անձնակազմն այսօրվա դրությամբ հոգնած, 44 մարտական գործողություններից հետո խնդիրներ ունի հանգստանալու, վերականգնվելու: Այսօրվա դրությամբ բողոքները ծնողների շատ տեղին են. հարց է բարձրացվում, թե ինչպես է կազմակերպվելու իրենց երեխաների հանգիստը, ինչպես է կազմակերպվելու հերթափոխը, ծառայությունը»,- ասել է գեներալ-մայորը՝ հիշեցնելով, որ պատերազմի հետեւանքով ունենք մոտ 520 կմ լրացուցիչ սահմանային տարածքներ, որտեղ պետք է պահպանություն իրականացվի:
ԳՇ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենք նախաձեռնել են կառավարության որոշման նախագծեր, որ ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելուց հետո Կառավարության կողմից որոշում կայացվի զորահավաքային զորակոչով զորակոչվածների ծառայությունից զորացրումը կազմակերպել մեկ ամսվա ընթացքում՝փուլային տարբերակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմաններում պետք է ունենանք որոշակի անձնակազմ, որպեսզի կարողանանք ապահովել այդ թվում և ՀՀ անվտանգությունը:
«Հենց մենք թողնում ենք առաջնագիծը՝ հակառակորդը գալիս և մտնում է: Դրա համար մենք պիտի ունենանք մարդ՝ առաջին հերթին կանգնած հենակետերում, սահմանին: Երկրորդ. դրանից հետո ինչպե՞ս ենք կազմակերպելու: Առաջարկում ենք անցկացնել եռամսյա վարժական հավաքներ և կազմակերպենք սահմանային ծառայությունը մինչև Զինված ուժերը արդեն վերջնական կառուցվածքով կկազմակերպվեն, կկազմակերպվի սահմանային ծառայությունը՝ դա կլինի սահմանային զորքերի միջոցով, դա կլինի մեր ԶՈւ միջոցով: Դա արդեն այլ հարց է, որը քննարկումների փուլում է և դա մենք կկազմակերպենք»:
Եզափակելով իր խոսքը՝ գեներալ-մայորը ընդգծել է, որ զինված ուժերին ժամանակ է պետք, որպեսզի առաջնահերթ ապահովեն սահմանների պահպանությունը, այնուհետև մնացած բոլոր հարցերը:
«ԳՇ առաջարկը հետևյալն է. որ անմիջապես ընդունում ենք և իրավական ռեժիմը հանելու վերաբերյալ կառավարության որոշումը, անմիջապես ընդունում ենք եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու վերաբերյալ կառավարության որոշումը, այսինքն մեկը հանում ենք, փուլային տարբերակով զորացրումը կազմակերպում և անց ենք կացնում վարժական հավաքներ, որպեսզի կարողանանք ապահովել սահմանների անվտանգությունը»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետը:
Հիշեցնենք, որ ԱԺ վաղվա արտահերթ նիստի օրակարգում արդեն ընդգրկված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը՝ ռազմական դրությունը հանելու վերաբերյալ:
Կառավարության ներկայացուցիչն առաջարկեց հետաձգել այդ նիստը և նախագծի քննարկումը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն համապատասխան նոր իրավակարգավորումներ ստեղծելու, որ հնարավոր լինի ռազմական դրության ռեժիմի անցնցում վերանայումը: