Կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է և 45 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթակա չէ հարկման։
Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝
1) 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
2) 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։