Մարտական գործողությունների Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ընդհանուր առմամբ, մինչ այսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1069: Այսօր որոնողափրկարարական խմբերի աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի, Զանգելանի՝ մասնավորապես Կովսականի ուղղություններով, ինչպես նաև Շուշիի հատվածում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով աշխատանքները կանգ չեն առնելու»,-մանրամասնել է Թադևոսյանը:
Նշենք, որ եռակողմ հայտարարության արդյունքում պատերազմի դադարեցումից հետո ռուսական խաղաղապահական առաքելության աջակցությամբ շարունակվում են անհետ կորածների, զոհերի մարմինների որոնողական աշխատանքները։