Ռուս խաղաղապահները կստուգեն Հադրութի շրջանում հրաձգության մասին տեղեկատվությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության այսօրվա տեղեկագրում։
Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
«Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգում է 2020 թվականի դեկտեմբերի 27 – ին Հադրութի շրջանի Տող բնակավայրի շրջանում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը», – հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ։ Հայաստան են վերադարձվել ևս չորս հայ գերիներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: