Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու կյանքի և առողջության երաշխիքների ապահովման համար այսօր դիմել եմ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե (ԽԿԿ, CPT)։ Այս մասին հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Նախագահ Միկոլա Գնատովսկուն ուղղված նամակում կոչ եմ արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ հնարավորության դեպքում իրականացնել հրատապ (ad hoc) այց՝ Ադրբեջանի փակ հաստատություններում պահվող գերեվարված անձանց պայմանների մոնիտորինգ իրականացնելու համար»,-հայտնել է պատգամավորը։
Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված անձինք կյանքի, ֆիզիկական և հոգեկան առողջության անձեռնմխելիության իրավունք ունեն։ Գերեվարվածները բոլոր հանգամանքներում պետք է օգտվեն պաշտպանությունից և արժանանան մարդասիրական վերաբերմունքի՝ առանց որևէ խտրականության։ Պետք է երաշխավորվի ընտանիքի անդամների հետ նամակագրության և օգնություն ստանալու իրավունքը։
«Հիշեցնեմ, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, ինչպես նաև առանձին իրավապաշտպաններ մեր 62 հայրենակիցների հարցով դիմել էին ՄԻԵԴ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ միջանկյալ միջոց էր կիրառել այս հարցով։ Ցավով պետք է արձանագրեմ, որ նշված ժամկետը՝ դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում Ադրբեջանը պետք փոխանցեր տեղեկատվություն ռազմագերիների վերաբերյալ, բժշկական փաստաթղթեր տրամադրեր եւ վերջիններիս փոխանակման ժամկետներ հայտներ, խախտվել է։
Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և, հատկապես, Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ Դատարանի կանոնների 39 -ի 2-րդ դրույթի հիման վրա»,-նշել է Բաղդասարյանը՝ շարունակելով․
«Հարկ եմ համարում եւս մեկ անգամ հորդորել բոլորին սոցիալական ցանցերում ռազմագերիների անունների և այլ անհատական տվյալների հրապարակումից զերծ մնալ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: