Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են, «Известия»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Նրա խոսքով, Բաքուն հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ տալ աշխատանքներ իրականացնել տվյալ վայրերում, որպեսզի նրանք հնարավորություն չունենան տեղում ծանոթանալ ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակին:
Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը նշել է, որ ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում պատմական և մշակութային հուշարձանների պահպանությունն ապահովելու համար: Գարեգին Բ-ն նաև պատմել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը:
Նրա խոսքով, հոգևորականները դիմել են կրոնական առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին, կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներին աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տալու առաջարկը Ադրբեջանի կողմից հավանության չի արժանանցել։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ռուսաստանի ջանքերով հնարավոր կլինի հուշարձանների պահպանմանն ուղղված անհապաղ գործողություններ իրականացնել։