Որևէ միջազգային կառույց չի կարող Քաղավիացիայի կոմիտեին զրկել լիցենզիայից և դա շատ սխալ է մամուլով տարածվել։ Այս մասին Civilnet-ին հայտնել է Քաղավացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, անդրադառնալով մամուլում եղած հրապարակումներին, որ ՔԱԿ-ը զրկվել է լիցենզիայից։
«Բանն այն է, որ մենք ունենք երկու ավիաընկերություն Հայաստանում գրանցված, որ թույլտվություն ունեին թռիչք իրականցնելու դեպի Եվրոպա, ինչն առանձին թույլտվություն է։ Որոշում է ընդունվել դրանցից այդ թույտվությունը վերցնել՝ կապված նրա հետ, թե ինչպես է ՔԱԿ-ն իրականցնում իր տեսչական ստուգումները։ Մեր համար դա ակնկալելի էր և դեռևս մի քանի ամիս առաջ մենք ասել էինք, որ Բրյուսելից գալու է մի խումբ, որ ստուգումներ է իրականացնելու և ընթացկարգն այնպիսին է, որ նամակ պետք է ուղարկեն դիտողություններով, որն ստացվել է մարտի 6-ին։ Դրանից հետո մեր կարծիքն են ուզել, որն ուղարկվելու է երկուշաբթի։ Վերջնական որոշումը կայացվելու է մայիս ամսին՝ Եվրոպայի անդամ պետությունների կողմից՝ նիստի ընթացքում։ Բայց հիմա ընթացակարգը փոխվել է և մենք պարզաբանում ենք ուզում ստանալ եվրոպական կողմից։ Մենք հակված ենք մտածել, որ այդ արգելանքը կորոնավիրուսի հետ է կապված։ Իրավիճակն այնպիսին է, որ մեր կարծիքը չեն լսել և այդպիսի որոշում է կայացվել։ Երբ ավիաընկերությունները ստացել են թույլտվությունն, իրենց անվտանգության մակարդակը չի նվազել, հակառակը տեսչական ստուգումներ են արել Եվրոպայում և չափանիշները բարելավվել են»,-պարզաբանել է Ռևազյանը։
Անդրադառնոլվ հարցին, թե ինչո՞ւ ՔԱԿ-ի պարզաբանումն ուշացավ, Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ մամուլի քարտուղարի հաստիք չունեն։
Ռևազյանը բացառեց այն կարծիքների ճշմարտացիությունը, որ ինքն այլևս չի վերադառնա Հայաստան, հավելելով, որ շատ է սիրում իր աշխատանքը և ունի շատ մեծ պատասխանատվություն։ Ռևազյանը նշել է, որ ինքը մշտապես կապի մեջ է Հայաստանի հետ և տարբերություն չկա Հայաստանում է, թե Դանիայում, միևնույն է պետք է ինքամեկուսանար։