ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկն այսօր դիմեց մտահոգությամբ՝ կորոնավիրուսի հետևանքով գնաճի բարձր մակարդակ է գրանցվել, Վանաձորում, օրինակ, հացն էլ է թանկացել: Քաղաքացին նշեց՝ այս տեմպերով «սովից մեռնելու ենք»: Վարչապետը հորդորեց ապոկալիպտիկ պնդումներ չանել:
«Ուզում եմ արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք արդեն այս ճգնաժամի ընթացքում: Խնդիր կար ապահովել պարենի գոյությունը խանութներում, կային երկրներ, և ոմանք մեր երկրում կանխատեսում էին նույնպիսի ապրանքային ապոկալիպսիս, որ ցուցափեղկերը դատարկվելու են, փառք Աստծո, դա տեղի չունեցավ և չի սպառնում ՀՀ-ին: Երկրորդ փաստը՝ 2018 – 2019 թթ., 2020 թ. առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն: Նախաճգնաժամային շրջանում ցածր գնաճային ֆոն է եղել, փետրվարին նույնիսկ 0,2 տոկոսով գնանկում ենք ունեցել: Ես հանձնարարել եմ, որ ուսումնասիրեն, թե Վանաձորի ինչ դեպքի մասին եք խոսում»,- ասաց նա;
Փաշինյանն ասաց, որ այսօր առավոտյան վերցրել է, տեսել խոշոր առևտրային ցանցերում իրավիճակը, իսկ ձեռքի տակ եղած տվյալներով՝ հացի թանկացում տեղի չի ունեցել, որոշ ապրանքների որոշ թանկացումներ, այո, տեղի են ունեցել, դրանք կառավարությանն անհանգստացնում են, և նրանք հակաթանկացումային քայլեր են ձեռնարկել:
Թանկացումների մի մասն, ըստ Փաշինյանի, կարող է կապված լինել արտարժույթային տատանումների հետ, այս ռիսկը կառավարելու համար կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումեր է անում. ներկրղներին տալիս են արտոնյալ վարկեր, որտեղ որոշակիորեն աջակցում ենք նրանց արտարժույթային ռիսկերից, որ անտրամաբանական աճ տեղի չունենա:
«Նաև ԵԱՏՄ շրջանակներում պայմանավորվեցինք, ավելի քան 600 ապրանքների մաքսատուրքեր հունվարի մեկից բարձրացել էին, բանակցեցինք, Հայաստանի համար վերադարձրինք նախկին մակարդակի, շուտով որոշումն ուժի մեջ կմտնի, մաքսատուրքերը կիջնեն՝ մսի, կարագի, բրնձի, մարգարինի, հնդկաձավարի, ձեթի, տարեկանի, բժշկական պարագաների, այս գործողությունները որոշակիորեն կմեղմեն գնաճը, իհարկե, ամեն ինչ կանենք, որ անտրամաբանական գնաճ տեղի չունենա: Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի, Հայաստանը բերքառատ երկիր է, ժողովուրդն աշխատող է, իրար հետ դժվարությունները կհաղթահարենք»,- նշեց նա:
Վարչապետը նաև տեղեկացրեց՝ ՏՄՊՊՀ նախագահն ամենօրյա ռեժիմով իրեն զեկուցում է՝ ինչ է տեղի ունենում շուկայւմ, հսկողության տակ են պահում իրավիճակը: