Մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 269-ի վիճակը ծանր է, 51-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 15 պացինետ, այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հորդորել է չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների էֆեկտիվությունը, ձեռքերը լվանալը կամ խորհուրդ տրվող այլ միջոցառումներ։
«Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը։ Դա վերարտադրողականության թիվն է, որը կարգապահ կերպով և որակյալ դիմակներ կրելու դեպքում կարող է իջնել 1-ից, ինչը թույլ կտա մարել վարակը»,-ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ կանոնների պահպանման դեպքում բոլոր շանսերը կան վարակը մարման վիճակում պահելու համար։
Նա նշել է, որ ներկայումս շարունակվում է պացիենտների հսկողությունը տնային պայմաններում, թեթև դեպքերը սպասարկվում են ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում և այդ պրոցեսը շարունակական է լինելու։