ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 8 աշխատակից հիվանդ է COVID-19-ով, 49-ը՝ ինքնամեկուսացված է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանում համավարակի տարածման առաջին օրվանից սկսած, արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ: Խստագույնս պահպանվել են պարետատան նախանշած ուղղություններով բոլոր հանձնարարականները, դիմումներն ընդունվել են բացառապես առցանց, առավելագույն ծավալով աշխատանքը կազմակերպվել է հեռավար»,-նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ ամենօրյա ռեժիմով ջերմաչափվել են բոլոր աշխատակիցները, դիմակների և ձեռնոցների կրումը եղել է պարտադիր, աշխատասենյակներում, ճաշարանում և մյուս վայրերում պահպանվել է սոցիալական հեռավորություն:
«Այսօր ունենք կորոնավիրուսով վարակված 8 հիվանդ և 46 ինքնամեկուսացված աշխատակից: Կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, նախարարությունում իրականացվում են շինարարական և ներքին հարդարման աշխատանքներ, որպեսզի ԱԻՆ-ականներն աշխատեն հարմարավետ լուսավոր պայմաններում՝ որոշակիորեն թոթափելով առկա հոգեբանական լարվածությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։