Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Սիսիանում ու Մեղրիում կորոնավիրուսային վարակի նոր բռնկումներ են։ Մարզպետարանից պահանջում են, որպեսզի քաղաքացիները հետևեն սահմանված հակահամաճարակային կանոններին, որոնց թվում՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները։
Նշվում է նաև, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն․ մարզպետը շրջել է բաժանմունքներում, ինչպես նաեւ հանդիպում ունեցել ԲԿ-ի ղեկավարության ու բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ։
Հունան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին արտակարգ իրավիճակի այս պայմաններում կատարած աշխատանքի համար, նրանց հետ քննարկել է համավարակի դեմ պայքարի ներկա վիճակը, հիվանդների բուժման արդյունավետության ու հետագա անելիքների հետ կապված մի շարք հարցեր։
Նշենք, որ այս պահին Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 250 հաստատված դեպք կա, որից բուժվել են 151-ը, գրանցվել է մահվան 3 դեպք։