Նախագիծը ճանապարհ է հարթում արտակարգ դրությունից դեպի բնականոն կյանք, բայց սահմանափակումները պահպանվում են: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ պետակաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը:
«Նախագիծն ուղղված է նրան, որ մենք քիչ սահմանափակումների միջոցով հնարավորինս մեծ արդյունք արձանագրենք կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում»,- մասնավորապես ասել է պատգամավորը՝ հույս հայտնելով, որ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կկարողանան մոտ ապագայում ապահովել ավելի լավ արդյունքներ:
Զեկուցողի խոսքով՝ կանխատեսումներն այնպիսին են, որ առնվազն մինչև տարվա վերջ կորոնավիրուսային այս ֆոնը կպահպանվի, և դրա պարագայում անհրաժեշտ են լինելու համապատասխան միջոցառումներ։
Նշենք, որ այսօր տեղի ունեցած նիստում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերն ու դրանց կից փաթեթը։