«Սիրելի՛ ժողովուրդ, խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը»: Այսպիսի կոչ է տարածել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին»,-հայտնել է նա։
Թորոսյանը հորդորել է՝ թույլ տալ բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:
Նա կրկին կոչ է արել՝ կրե՛լ դիմակ, պահպանե՛լ սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
«Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ բժիշկներն այս պահին զինվորին են պետք»,-նշել է նա։