Կառավարությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին կհատկացվի 550 000 դոլար՝ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու համար։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին:
Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը խնդիր է դրել Հայաստանում կորոնավիրուսի օրական թեստերի քանակը հասցնել 1000-ի: Սա, նրա կարծիքով, բավական մեծ ցուցանիշ է, և կարելի է համարել «զանգվածային թեստավորում»:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ այժմ օրական 200-ից մինչև 400 թեստեր են կատարվում: «Այս շաբաթվանից, գուցե վաղվանից կամ մյուս օրվանից, բայց վստահաբար ուրբաթ օրվանից մենք օրը 1000 թեստ ենք անելու։ Սրա համար մենք բավական մեծ քանակի թեստեր ենք գնել, մոտավորապես՝ 70 000»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում են թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը։
Վարչապետն ասաց՝ կառավարությունն արդեն որոշում է կայացրել անհրաժեշտ հումքը ձեռք բերելու և մեծ գումար տրամադրել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, որպեսզի այդ արտադրությունը կարողանան սկսել: «Հատկացված գումարը կազմում է 550 000 դոլար»,- ասաց նա։
«Մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է դա, և կարողանալու ենք ինստիտուտում թեստերի արտադրություն կազմակերպել։ Այնպես որ, պատրաստվում ենք իրականացնել զանգվածային թեստավորում, քանի որ օրը 1000 թեստը բավական լուրջ թիվ է»,- ասաց վարչապետը։