2020 թվականի հուլիսից մեկնարկել են Մարտունիում նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 13-ին Արցախ ուղևորվելու ճանապարհին այցելել է շինհրապարակ և ծանոթացել աշխատանքներին։
Նախատեսվում է 2022 թ. հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն ունենալ՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան։
Վերջինս կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը:
Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:
Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում եմ Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։
Նախարարն այսօր ներկա կլինի Արցախում ՀՀ կառավարության կողմից նվիրաբերված շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների հանձնման արարողությանը։