Հունվարի 10-ին, ժամը 08։30-ին Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 21 հրշեջ-փրկարար։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը՝ տեղեկացնելով, որ հունվարի 9-ին՝ ժամը 15:36-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի մոտակա սարալանջին ծուխ է նկատվում։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գուգարքի անտառտնտեսության 3-րդ պահաբաժնի «Նարնջի Յար» կոչվող բացատում այրվում է մոտ 5 հա խոտածածկ տարածք։ Ժամը 18։05-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,-ասված է հաղորդագրության մեջ: