Հայաստանի կառավարությունում սկսում են աշխատել 24 բարձր որակավորում ունեցող սփյուռքահայ մասնագետներ. հաղորդում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
«Առաջին փուլով 24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել Հայաստան»։
Մասնագետները Հայաստան են ժամանել «իԳործ» ծրագրի շրջանակներում։ Հաղորդվում է, որ ծրագրի մասնակիցներին ողջունել է գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով հույս է հայտնել, որ հայրենիքում նրանք ձեռք կբերեն աշխատանքի անփոխարինելի փորձ:
COVID-19-ով պայմանավորված սահմանափակ օդային հաղորդակցության պատճառով ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն ավելի ուշ։
Նշենք, որ «իԳործ» ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները կաշխատեն պետական համակարգում և կկարողանան իրենց փորձն ու գիտելիքները կիրառել համապատասխան ոլորտների կատարելագործման և զարգացման քաղաքականության ու ծրագրերի մշակման գործում:
Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար հոգում է ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի աշխատակազմը: Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի հուլիսի 1-ին և կտևի 12 ամիս։