«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ ընտրություններին մասնակցած «Ազատություն» կուսակցությունը չվիճարկեց ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում, չնայած նրան, որ կառավարությունում հերթ կանգնած Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմողների շարքում չէր կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Իրավունքը» այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ փորձեց պարզել հենց նրանից: Սակայն, պարոն Բագրատյանն ասաց, որ այս շրջանում հարցազրույցները բացառում է: Ավելին` մի քանի անավարտ գործ ունի եւ ավարտելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում մեկնելու է երկրից: Համենայնդեպս, ամռանը նա առաջարկեց չանհանգստացնել իրեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վերջերս սկսել է հաճախ այցելել Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը: Ըստ ականատեսների՝ Գրիգորյանը գիշերային այցեր է իրականացնում, Փաշինյանին խորհուրդներ տալիս տարբեր իրավական հարցերի մասով: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Վահե Գրիգորյանի եւ Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերությունները մի քանի ամիս է, ինչ կարգավորվել են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը, սակայն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքական ասպարեզից: ԲՀԿ-ում կամաց հաղթահարում են հետընտրական շոկը, իսկ անցած շաբաթ Ծառուկյանը կուսակտիվին հորդորել է գնալ հանգստի, կհանդիպեն սեպտեմբերին ու կքննարկեն իրենց անելիքները։ ԲՀԿ-ում կարծում են, որ կուսակցությունն ակտիվ ներգրավված կլինի քաղաքական պրոցեսներին, բայց առայժմ պաուզա կվերցնեն։ Կուժեղացնեն «Կենտրոն» TV-ն, նախկին օրենսդիրները հաճախ կերեւան եթերում, կապը չեն խզի քաղաքացիների հետ, հնարավոր է անգամ փողոցային ակցիաների մասնակցեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցից Մոսկվա, որտեղ նա հանդիպելու Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ հարցերի՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները։ Նկատենք՝ Փաշինյանն այս տարբերակի մասին խոսել էր դեռ մայիսին։ Մասնավորապես, նա մայիսի 29-ին ՔՊ գրասենյակում նշեց, թե ովքեր կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու երկրների զորքերի դուրսբերման դեպքում»: