Սուր շնչառական վարակների համար ամենածանր շրջանը ձմեռն է, բայց ի տարբերություն որոշ երկրների, որտեղ կորոնավիրուսի մեծ բռնկումներ կան, Հայաստանում բավակին մեղմ ընթացք է։
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս հավելեց, որ մահճակալային ֆոնդն արդեն թերծանրաբեռնված է, բայց պատրաստվում են համավարակի երրորդ ալիքին:
«Մեր երկրում կորոնավիրուսի ընթացքն, ի տարբերություն շատ երկրների, մի փոքր այլ էր։ Մենք և՛ ամռանը, և՛ աշնանը վարակի մեծ բռնկում ունեցանք։ Հնարավոր է կորոնավիրուսի վարակակիրների թվի աճ գրանցվի հունվարի երկրորդ կեսին՝ կապված նաև ամանորյա տոներին մարդկանց շատ շփումների հետ, սակայն վարակակիրների թիվը ավելին չի լինի, քան վարակի երկրորդ ալիքի ժամանակ գրանցվեց»,- նշել է Թորոսյանը։
Առողջապահության նախարարի գնահատմամբ՝ կորոնավիրուսը Հայաստանում նահանջում է:
«Համավարակի երկրորդ ալիքի ժամանակ, որի մի շրջանը համընկավ պատերազմական օրերի հետ, հակահամաճարակային կանոններին հնարավոր չէր խստորեն հետևել, և դա բերեց հիվանդացության մեծ թվերի, և բազմաթիվ մարդիկ արդեն հիվանադացել և լավացել են»,- նկատել է նա։
Արսեն Թորոսյանը ընդգծել է, որ կորոնավիրուսը կդառնա սեզոնային վարակ․ ամառային պիկեր չեն լինի, կլինեն միայն ձմեռային։
Նախարարն արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստվել է։ Նախարարը հայտնեց, որ տոներից հետո 1000 հոգու համար պատվաստանյութի գնում են կատարելու, առաջինը կպատվաստվեն կովիդի բուժմամբ զբաղվող բուժաշխատողները։
«Մենք միշտ հակված ենք եղել համագործակցային մոտեցման, անդամագրվել ենք մի հարթակի և նախնական գնում ենք կատարել, որը Հայաստան կհասնի ապրիլ-մայիսին, միևնույն ժամանակ բանակցություններ են ընթանում, վերջին լուրն այն է, որ արագության առումով մեզ համար ամենահասանելի պատվաստանյութը ռուսական Sputnik V-ն է»,- շեշտել է նա։