Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին՝ Առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար: «Պետք է արձանագրել, որ պարոն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը մեր ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել և, բնականաբար, այս պայմաններում քննադատության ամենամեծ չափաբաժնին է արժանացել, ինչն ինչ-որ տեղ բնական է:
Սկսած 2018 թվականից՝ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումները եղել են մարդակենտրոն, այսինքն՝ նպատակը եղել է մարդկանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի և շրջանակի ընդլայնումը և մենք այդտեղ բավականին լուրջ փոփոխություններ ենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նկատել է, որ 2020 թվականը հատկապես առողջապահության ոլորտի համար մեծ փորձությունների տարի է եղել՝ պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով:
«Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ, ասելով, որ ահա տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք: Բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Հիմա, երբ մեր ասածն իրականության մեջ արդարացել է, մեզ այլևս ի ցույց չեն դնում այդ երկրները, ոչ էլ մեզ են ի ցույց դնում այդ երկրներին:
Իհարկե, կորոնավիրուսն անկանխատեսելի բան է և, ըստ էության, կանխատեսումներն ամենատարբեր են, սկսած նրանից, որ կունենանք 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիք, վերջացրած նրանով, որ երևի թե պատվաստանյութը ժամանակին տեղ կհասնի, այն առումով, որ արդյունավետ կգտնվի»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի համոզմամբ՝ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորանավիրուսի համավարակին և այսօր էլ միջազգային չափանիշներով ունենք կառավարելի իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ գործադիրն այն կկարողանա պահպանել:
«Իհարկե, հաջորդ շատ ավելի դաժան փորձությունը պատերազմն էր և շարունակում է այդպես լինել: Մենք հիմա նաև, ցավոք, մարմինների նույնականացման խնդիր ունենք, ինչ-որ առումով այդտեղ էլ որոշակի բարդություններ ունեինք, բայց հիմա կրկին կարող ենք գոհունակությամբ նշել, որ այդ աշխատանքը նույնպես շատ ընդունելի տեմպեր է ստացել»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի նշանակմանը՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նա այս ընթացքում զբաղեցրել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այսինքն եղել է թիմի անդամ: «Ոչ միայն նա, այլ նաև նախարարի մյուս տեղակալները, որոնք տարբեր ժամանակներում են նշանակվել, ըստ էության գործել են որպես մի թիմ: Տեղի ունեցող փոփոխությունը հետևյալ իմաստն ունի, որ մենք շարունակում ենք վստահել այդ թիմին ու տվյալ դեպքում տիկին Ավանեսյանը կգլխավորի այն:
Ուզում եմ հաջողություն մաղթել Ձեզ՝ տիկին Ավանեսյան, այս աշխատանքները շարունակելու գործում: Հույս ունենք, որ Առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվ գործունեությունը և չի վախենա քննադատություններից, որովհետև աշխատանքը, բնականաբար, բերում է քննադատություն: Իհարկե, պետք է առավել ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ և փորձել օգտակար ու ռացիոնալ տեղեկատվություն ու խորհրդատվություն դուրս բերել»,- ասել է վարչապետը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ 2018 թվականի մայիսին Առողջապահության նախարարի և ընդհանուր ոլորտի կառավարումն իրեն վստահելու համար:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 18-ին, ԱՆ նոր նախարար է նշանակել։ Նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնում։