Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վիրավոր տղաները ստանում են ոչ միայն վերականգնողական, այլ նաև ուղեկցվող հիվանդությունների բուժումը։ Բացի այդ, տղաներն այստեղ կրթություն են ստանում, որը սոցիալական ռեաբիլիտացիա է կոչվում։ Armenia Today-ի հետ զրույցում ընդգծում է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հ/կ նախագահ Հայկուհի Մինասյանը։
«Ենթադրենք, մարդը եղել է հետախույզ, ամբողջ կյանքում ծառայել է բանակում ու այսօր չի կարող վերադառնալ զինվորական ծառայության։ Ի՞նչ պետք է անի նա։ Այսինքն, այստեղ լուծվում է նաև իրենց ապագա մասնագիտության, հետևաբար՝ սոցիալիզացիայի հարցը։ Տղաները մասնագիտություն ունենալու դեպքում շատ հեշտ կարող են աշխատանք գտնել։ Առհասարակ, մարդը, որը պատերազմի ընթացքում վիրավորվում է, սովորական մարդ է, որն ունի առողջական խնդիրներ։ Եթե նրան ճիշտ ժամանակին, ճիշտ և որակով բժշկական օգնություն տրամադրվի, որևէ խնդիր չի լինի։ Զինհաշմանդամ Դավիթ Սարգսյանը միշտ ասում է՝ «մենք այլմոլորակայիններ չենք, սովորական մարդիկ ենք, մենք սեփական անձի հանդեպ անկարողության ոչ մի զգացում չունենք»։ Վիրավոր զինվորները խոցելի, անպաշտպան էակներ չեն, նրանք քաջ ու շատ լավ հոգեբանական վիճակում գտնվող մարդիկ են»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է արդեն պետության դերին՝ Հ․ Մինասյանը նկատում է․
«Զինհաշմանդամների առոջապահական փաթեթը չի սկսվում և չի ավարտվում վերականգնողական բուժումից։ Այսօր տարբեր կազմակերություններ տրամադրում են այդ բուժումը։ Որևէ խնդիր այդ հարցում չկա։ Զինհաշմանդամների առողջապահական խնդիրների համակարգված լուծում չկա և սա է խնդիրը։ Այսինքն, զինվորի այս կամ այն խնդիրները մեկ կենտրոնից ու կազմակերպված ձևով չեն լուծվում։ Որքան էլ բողոքեմ տարբեր հարցերից, կարող եմ ասել, որ այսօր պետությունն անմարդկային ջանքեր է գործադրում այս հարցերը լուծելու ուղղությամբ, բայց քանի որ Հայաստանում չկա նշված խնդիրները կարգավորող համապատասխան օրենսդրություն ու չկան ինստիտուտներ, որոշ հարցեր թերի ու բաց են մնում։ Այսինքն, խնդիրն ավելի շատ կազմակերպչական է։ Մենք առողջապահության ոլորտում կառավարման ու համակարգման խնդիր ունենք»։
Իսկ ինչո՞ւ վերոնշյալ խնդիրները մինչ օրս լուծում չեն ստացել: Հ․ Մինասյանի խոսքով, պատճառներից մեկը նաև քաղաքացիական հասարակություն-պետություն համագործակցության բացակայությունն է։
«Եթե մենք կարողանայինք այս համագործակցությունը ստեղծել, պատկերն այլ կլիներ։ Մեր կենտրոնը քաղաքացի-պետություն համագործակցության լավագույն օրինակն է։ Այն ստեղծվել է իմ՝ որպես ՀՀ քաղաքացի և այն ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի համագործակցության արդյունքում։ Այսօր որպես զինհաշմանդամների իրավունքներով և իրենց խնդիրներով զբաղվող անձ, կարող եմ արձանագրել, որ, այո, ես տեսնում եմ պետության այսօրվա ջանքերը՝ զինհաշմանդամների կյանքը կարգավորելու հարցում, բայց նաև կոմպետենտության պակաս եմ տեսնում այդ բարեփոխումները կյանքի կոչելու առումով։ Գումարը կա, ցանկությունը կա, կոմպետենտություն չկա։ Այս ծրագրերը, որոնք իրականացնում է հասարակական սեկտորը, երազանքների Հայաստանում պետք է անի պետությունը, իսկ հասարակությունը պետք է զբաղվի այլ հարցերով։ Լավ պետության շրջանակներում վիրավոր զինվորների առողջապահությունը ոչ մի կերպ չպետք է վերաբերի հասարակական կառույցներին։ Դա ամբողջությամբ պետական ծրագիր պետք է լինի»,-եզրափակեց նա։