Կորոնավիրուսի դեմ պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրելու։ Առաջին հերթին պատվաստվելու հնարավորություններ կունենան ռիսկային խմբում ընդգրկված քաղաքացիները՝ բուժաշխատողներ, խրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու 65 տարեկանից բարձր անձինք։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ այս պահին երեխաները պատվաստման ծրագրի մեջ ընդգրկված չեն։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում քիչ թվով մարդիկ արդեն պատվաստվել են «Sputnik V»-ով: Նա նշել է, որ շուտով պատվաստումները հասանելի կլինեն բնակչության ավելի լայն շրջանակների համար:
Նա ասաց, որ մասնագիտական հանձնաժողովն արդեն հավանություն է տվել Հայաստանում «Sputnik V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը։
Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է պատվաստումներն արդեն սկսել մարտին:
«Ռիսկային խմբերը կկարողանան պատվաստանյութն անվճար ստանալ, իսկ թե որքան կարժենա այն մյուս քաղաքացիների համար, դեռ հայտնի չէ»,- շեշտեց նա։
Առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ երկիր կներմուծվեն միայն ստուգված պատվաստանյութերը, որոնք հաջողությամբ անցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը:
Մանրամասները՝ տեսանյութում․