Երևանի պետական համալսարանում կգործի ժամանակակից սարքավորումներով համալրված Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, որը կարող է տարածաշրջանում իրականացնել կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ՝ ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը:
Կենտրոնի ստեղծումը և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագրի ներդրումը կնպաստեն ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիականացմանը, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով: Աշխատանքային խումբը շրջել է բուհի կողմից վերանորոգված և լաբորատորիայի համար նախատեսված տարածքում, որը համալրվել է ծրագրով նախատեսված լաբորատոր կահույքով և գերժամանակակից վերլուծական սարքավորումների երկու խմբաքանակով:
Շրջայցի շրջանակում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկել են ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: