Այսօր տեղի է ունեցել COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, կորոնավիրուսի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նախ ասաց, որ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող պրոֆեսիոնալ բժիշկները բազմիցս բարձրաձայնել են, որ ժամանակին սխալ նշանակված բուժման հետևանքով հետագայում կորոնավիրուսով հիվանդին բուժելու հետ կապված խնդիրներ են առաջացել։
«Առաջին օղակներում ոչ ճիշտ բուժում նշանակելու հետևանքով բժիշկները խնդրի առջև են կանգնել, քանի որ հետագայում ավելի է բարդացել հիվանդների արդյունավետ բուժումը»,-հավելեց նա։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ վերջին նիստից հետո անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ հարցեր ուղղել Կառավարությանը, մասնավորապես՝ էկոնոմիկայի, արդարադատության նախարարներին և ՊԵԿ-ին: Հարցերը վերաբերել են փոքր և միջին բիզնեսի վրա համավարակի ունեցած ազդեցությանը: Տեղեկատվություն են հայցել սուբյեկտների կողմից վճարված հարկերի, չվճարված հարկային պարտավորությունների մասին: Արկադի Խաչատրյանը նշեց, որ նաև լրացուցիչ տեղեկատվություն են խնդրել կրճատված աշխատատեղերի, փակված բիզնեսների, գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած, սնանկացած, լուծարված կամ այդ պրոցեսի մեջ գտնվող սուբյեկտների վերաբերյալ՝ ամսական կտրվածքով։
«Տեղեկատվության նպատակն է, որ հանձնաժողովը կարողանա հընթացս վերլուծել, թե ինչ դժվարություններ է ունեցել բիզնեսը, որպեսզի գնահատեն՝ արդյոք ժամանակին և անհրաժեշտ ծավալո՞վ են իրականացվել այդ ուղղությամբ պետական միջոցառումները։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նամակով խնդրել է ողջամիտ ժամկետ՝ մինչև մարտի 30-ը՝ ամբողջական և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու համար»,- նշեց նա։
Խաչատրյանի խոսքով՝ ուսումնասիրություններով պարզել են, որ անհամապատասխանություն կա «Covid-19-Հայաստան» դրամահավաքի գումարի վերաբերյալ տվյալներում:
Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը պետական կառույցներին կոչ արեց իրենց տրամադրել ամբողջական և սպառիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը Կառավարությանը 251 հարց է ուղղել։