«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումների պատճառահետևանքային կապը եղած կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև ապացուցված չէ։ Այս մասին Կառավարության նիստի ավարտին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Լրագրողների հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ եթե պաշտոնյաները ցանկանան հրապարակել իրենց պատվաստման ընթացքը, ապա կհանրայնացեն դա, եթե ոչ, ապա նախարարությունը չի խախտելու որևէ մեկի բժշկական գաղտնիքը։
«ԱստրաԶենեկա»-ի 24 000 դեղաչափը դեռևս չի բաժանվել ՀՀ պոլիկլինիկաներին։ Որոշակի գործառույթներ դեռ կան անելու՝ մաքսազերծում, բաշխում և այլն․․․
«Մենք երեկ հանդիպումներ ենք ունեցել Երևան քաղաքի պոլիկլինիկաների տնօրենների հետ, քննարկել ենք կատարվելիք աշխատանքների ամբողջ ընթացքը։ Նրանց հետ մինչև պատվաստումների գործընթացի մեկնարկը իրականացվում են վերապատրաստման դասընթացներ։ Ստուգվում է առաջին օգնության բժշկական պայուսակների պարունակությունը։ Կատարվում են համալրումներ»,- ասաց Ավանեսյանը։
Նա հույս հայտնեց, որ առաջիկա երկուշաբթի օրը Երևանում ու մարզերում կստացվեն առաջին պատվաստանյութերը։