Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է հանրապետությունում գործող բժշկական կենտրոնների ղեկավարների և ֆինանսական մասի պատասխանատուների հետ: Այս մասին հայտնել է ԱՆ-ն։
Հանդիպաման նպատակն առողջապահության ոլորտում ավելացված արժեքի հարկի կիրարկման և հնարավոր հետևանքների վերաբերյալ մասնագիտական քննարկումն էր: Նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը և նշել.
«Բոլորս գիտենք, որ քննարկվող նախագիծն առավել խոր արմատներ ունի, որոնք ժամանակ առ ժամանակ հարցադրումներ են առաջ բերում, մասնավորապես՝ անհրաժեշտություն կա՞ արդյոք, որ բժշկական ծառայություններն ազատված լինեն ավելացված արժեքի հարկից, արդյո՞ք դա նպատակահարմար և արդյունավետ է: Ուստի քննարկումները շատ կարևոր են` ձևավորելու ոլորտի դիրքորոշումը, ինչպես նաև հանդես գալու մեկ միասնական ճակատով»:
Հանդիպմանը «Ավելացված արժեքի կիրառումը բժշկական ծառայությունների նկատմամբ. Հիմնական ռիսկերը» զեկույցով հանդես է եկել առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը:
Փորձագետի կարծիքով՝ եկամտային հարկի համահարթեցման և եկամտային հարկի համահարթ տոկոսաչափ ունեցող երկրների դեպքում առավել զգայուն է դառնում վերջնական սպառման ապրանքների, ծառայությունների համար անուղղակի հարկի կիրառումը: