Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի կողմից ձեռք բերված AstraZeneca պատվաստանյութի 24 000 դեղաչափ պոլիկլինիկաներին բաժանելու գործընթացն արդեն սկսվել է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ գործընթացն, իհարկե, մեկնարկել է, սակայն բաշխման ժամանակացույցը դեռևս հստակեցված չէ: Պատվաստանյութը կբաշխվի պահման հատուկ ավտոմեքենաներով՝ նախ երևանյան պոլիկլինիկաներ, ապա մարզեր:
«Ունենք պատվաստանյութ, կկարողանանք պետության միջոցներով խոցելի խմբերին պատվաստել, ինչն էլ կնվազեցնի ծանր դեպքերի քանակն ու մահվան ելքերը։ Գործընթացը, սակայն, ժամանակատար է, բայց պետք է ամեն ինչ անենք, որ այն արագ կազմակերպվի»,- նշեց գերատեսչության ներկայացուցիչը։
Ի դեպ, Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ Երևանում ռիսկի խմբերի պատվաստումը կսկսվի ապրիլի 7-8-ից, մարզերում՝ մի փոքր ուշ։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակն էլ հստակեցնում է՝ ռիսկային խմբի պատվաստումներն արդեն սկսվել են։
«Պոլիկլինիկաներում առկա են խոցելի խմբերի քաղաքացիների ցանկերը, բուժաշխատողները զանգով կապ են հաստատում նրանց հետ և կանչում պատվաստվելու»,- նկատեց Խաչատրյանը։
AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության մասնագետների ստեղծած պատվաստանյութի ձեռքբերմանը զուգահեռ, ինչպես նշեց ԱՆ մամուլի խոսնակը, Հայաստանը բանակցություններ է վարում նաև ռուսական Sputnik V-ի գնման շուրջ։
Հիշեցնենք, որ AstraZeneca պատվաստանյութի շուրջ արդեն աղմուկ է բարձրացել, քանի որ եվրոպական որոշ երկրներում դրանով պատվաստումից հետո արձանագրվել են մահվան դեպքեր։
Մի քանի երկրներ դադարեցրել են պատվաստանյութի կիրառումը, որպեսզի պարզեն, թե գրանցված մահերի պատճառն արդյո՞ք AstraZeneca-ն է։
Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել պատվաստանյութի ձեռքբերմանը։
«Աշխարհում գրանցված մահվան դեպքերի հետ կապված աղմուկ բարձրացավ, մեր երկրի մասնագիտական խումբն աշխատում է, հետևում են, եթե խնդիրներ լինեն, կբարձրաձայնեն»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են ոչ թե պարտադիր կարգով, այլ ըստ ցանկության: