Այս պահից սկսած 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար պատվաստումը հասանելի է: Կառավարությունը, կարևորելով կորոնավիրուսի դեմ պայքարը, օր առաջ հնարավորություն է ընձեռել, որ մեր բոլոր քաղաքացիները պատվաստվեն և մենք ունենանք բավարար հանրային իմունիտետ, ի վերջո, բնականոն կյանքին վերադառնալու համար: Այս մասին Կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում նշել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշել է, որ բավական հեշտացրել են պատվաստման գործընթացը:
«Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,-շեշտել է Ա. Ավանեսյանը:
Նա հայտնել է, որ հաջորդ շաբաթվանից քաղաքի բանուկ հատվածներում կլինեն մոբիլ խմբեր, որոնք հնարավորինս հասանելի կդարձնեն պատվաստումը:
Իսկ թե ինչո՞ւ մարդիկ չեն գնում մասսայական պատվաստումների՝ նա նշել է.
«Հիվանդությունը, վարակը, դրա բուժումը, ցավոք, շատ դեպքերում քաղաքական շահարկումների, մանիպուլյացիաների, մարդկանց մոտ նաև անհարկի վախեր ներշնչելու գործընթացներ են դառնում: Այնուամենայնիվ, Հայաստանի հետագա վարկանիշի, ինչպես նաև զարգացման համար խիստ կարևոր է ապահովել պատվաստման լավ ցուցանիշներ: Այս պահի դրությամբ Հայաստանում մոտ 3000 քաղաքացի է պատվաստվել, ինչն, իհարկե, փոքր ցուցանիշ է»:
Նախարարի պաշտոնակատարը չի բացառել, որ հետագայում պատվաստումներ չանցած քաղաքացիները կարող են խնդիր ունենալ երկրից հեռանալու և երկիր վերադառնալու հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: