Մայիսի 2-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ այդ պահի դրությամբ Հայաստանում պատվաստվել է 3000 քաղաքացի, ինչը, նրա խոսքով, փոքր ցուցանիշ է։ Armenia Today-ը համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանի հետ զրուցել է Հայաստանի բնակչության կողմից պատվաստումների նկատմամբ առկա պասիվության և դրա պատճառների մասին։
«Ամենաէական խնդիրը վստահության պակասն է տվյալ գերատեսչությունը ղեկավարող կամ իշխանական համապատասխան օղակների նկատմամբ։ Մարդիկ համաճարակի ամբողջ ընթացքում տեսան հակասական մոտեցումներ և կանխարգելման հետ կապված սխալ քաղաքականություն։ Այդ ամենի ֆոնին, երբ հիմա էլ առաջարկում են պատվաստվել, մարդկանց մոտ հարց է առաջանում․ ի՞նչ վստահություն ունենք, որ սա արդյունավետ միջոց է։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ աշխարհով մեկ պատվաստանյութերի դաշտում ինֆորմացիոն պատերազմ է տեղի ունենում։ Խոսքն այդ ինֆորմացիոն պատերազմի ընթացքում մասնավորապես AstraZeneca-ի որոշակի պարտության մասին է։ Մի շարք երկրներ մի պահ դադարեցրին այդ պատվաստանյութի կիրառումը, հիմա էլ դեռ պարզ չէ, թե որ երկրներն են վերսկսել այն։ Մարդկանց մոտ վստահությունը բավականին նվազեց նաև այդ ֆոնին։ Իսկ Հայաստանը տվյալ պատվաստանյութը ձեռք բերեց հենց այն փուլում, երբ բազմաթիվ երկրներ այդ պահին դադարեցնում էին AstraZeneca-ի օգտագործումը։ Այս ամենը գումարվեց ու ստացվեց մի պատկեր, երբ բնակչության շրջանում տոտալ անվստահություն զարգացավ»,-մեզ հետ զրույցում ասաց համաճարակաբանը։
Խոսելով պատվաստումների կարևորության մասին՝ նա հավելեց․
«Ընդհանուր առմամբ, պատվաստման երևույթը շատ կարևոր է և առողջապահության մեջ շատ մեծ դեր ունի։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ առավել լիարժեք տեղեկատվության կարիք ունեն, որովհետև հիմա դավադրությունների բազմաթիվ տեսություններ կան, որոնց ազդեցության տակ մարդիկ պարզապես ահաբեկված են, և մարդկանց հետ տեղեկատվական շատ լուրջ աշխատանք է պետք տանել։ Նախ, պատկան մարմինները, մասնագետները հենց իրենք պետք է վստահ լինեն, որ պատվաստանյութերի պատրաստման նոր մոտեցումներն ու նոր տեխնոլոգիաներն անվտանգ են մարդկանց համար։ Ընդ որում՝ շատ հետևողական ու խոր աշխատանք է պետ կատարել, որպեսզի մարդկանց մոտ վերանա անվստահությունը թե՛ բուն երևույթի նկատմամբ, թե՛ այդ տեղեկատվությունը տրամադրողների նկատմամբ»։
Իսկ թե ինչ կտան պաշտոնատար անձանց հրապարակային պատվաստումները, Ռուբեն Հովհաննիսյանը նշեց․ «Եկեք համադրենք նույն կորոնավիրուսի վերաբերյալ թե՛ վարչապետի, թե՛ նախարարների մակարդակով մինչ օրս հնչած հակասական ամբողջ տեղեկատվությունն այն քարոզչության հետ, որն իրենք այժմ տանում են։ Հաշվի առնելով նշվածը՝ ըստ իս, ավելի լավ է իրենք գոնե ավելի քիչ խոսեն պատվաստումների մասին։ Կարծում եմ՝ դրանով ավելի շատ կնպաստեն, որ մարկանց մոտ գոնե ինչ-որ չափով վերականգնվի հավատը։ Վարչապետը կամ նախարարները որոշ ժամանակ առաջ հայտարարում էին, որ կորոնավիրուսն ամենևին վտանգավոր երևույթ չէ, սովորական սեզոնային գրիպ է։ «Պինցետով կորոնավիրուսը հանելու», «կորոնավիրուսն ում շունն է» և նման արտահայտությունների ֆոնին հիմա էլ այլ բան քարոզելը ամբողջովին ջարդուփշուր է անում մնացած վստահության տոկոսները»։
Հիշեցնենք, որ Հայաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մոտ երեք շաբաթ առաջ։