Կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափն անհրաժեշտ է ազդեցությունը ամրապնդելու և ավելի ուժեղ պաշտպանվածություն ունենալու համար:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը: Նա շեշտեց, որ առանց պատվաստանյութի երկրորդ դեղաչափի, առաջին դեղաչափի արդյունավետությունը կվերանա։
«Առաջին դեղաչափից հետո արտադրվում են հակամարմիններ, որոնք կազմում են հումորալ իմունիտետ: Հումորալ պաշտպանվածությունն անկայուն է և կարճատև, այն տևում է 2-3 ամիս: Հետեւաբար, ազդեցությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, որի շնորհիվ ձեւավորվում է T բջիջների անձեռնմխելիությունը կամ, այսպես կոչված, հիշողության բջիջները: Դրանք ապահովում են վարակից հուսալի պաշտպանություն»,- ասաց Գորելովը:
Մասնագետի խոսքով, պատվաստանյութի դեղաչափերի օպտիմալ ընդմիջումը, որպես կանոն, համարվում է 30-45 օր տևողությամբ ժամանակահատված, բայց համաճարակի պայմաններում մեկուկես ամիսը չափազանց երկար է: Կարևոր է, որ լիարժեք անձեռնմխելիությունը հնարավորինս արագ ձեւավորվի, հետևաբար, այս պահի դրությամբ այս միջակայքը կրճատվել է և հասել 21 օրվա, բացատրեց Գորելովը:
«Հրաժարվելով պատվաստանյութի երկրորդ չափաբաժնից՝ մարդը վտանգում է իր առողջությունը և իրականում չեղարկում է առաջին դեղաչափի արդյունավետությունը: Մի քանի ամիս անց նա կրկին խոցելի կդառնա վարակների նկատմամբ: Հետևաբար, իմունաբանական ազդեցության հասնելու համար չափազանց կարևոր է պատվաստումների ամբողջական ընթացքն ավարտելը և կորոնավիրուսի պատվաստանյութի երկու չափաբաժինները ստանալը», – ընդգծեց Գորելովը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում սկսվել է ապրիլի 13-ին: Պատվաստումները կամավոր են: Օգտագործվում են ռուսական «Sputnik V» և բրիտանական արտադրության AstraZeneca պատվաստանյութերը: Նաև մայիսի 2-ին ստացվեց Կորոնավակ չինական պատվաստանյութի առաջին խմբաքանակը: