Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։
Նախագծում նշված է, որ կորոնավիրուսի վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէր, ինչը կարող էր հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէր դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ դարձավ համապատասխան օրենսդրական փոփոխությամբ սահմանել, որ ըստ բժշկական փաստաթղթերի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում:
Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:
Նախագծի ընդունման արդյունքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ կիրականացվեն:
Հավելենք, որ այս հարցն ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, ներկայացվել էր հանրային քննարկման։ Նշենք նաև, որ այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսից մահվան 4291 դեպք։