Առողջապահության նախարարությունն անդրադարձել է News.am լրատվական կայքի՝ «Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել. նոր փաստեր՝ կասկածելի գործարքից » վերտառությամբ հոդվածին:
«Առողջապահության նախարարությունը պաշտոնապես նշում է, որ նյութում տեղ գտած տեղեկատվությունը խեղաթյուրված է: Հարկ ենք համարում նշել, որ ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.12.2020թ. թիվ 2102-Ա որոշումը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները:
Գնումն իրականացվել է գնահարցման եղանակով:
Կենտրոնի կողմից գնահարցում է իրականացվել «Մեդիսար» ՍՊ և «Պրոմ-Տեստ» ընկերություններին: «Մեդիսար» ՍՊ ընկերությունը հանդիսանում է անհրաժեշտ ապրանքատեսակները արտադրող՝ «Thermo Fisher Scientific» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Պրոմ-Տեստ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է 2018 թվականին կենտրոնի կողմից «Thermo Fisher Scientific» արտադրության «Applied Biosystems 3500» մոդելի անալիզատորի ձեռքբերման նպատակով իրականացված մրցույթի ամփոփման արդյունքներով ընտրված մասնակից և սարքի մատակարար:
Հաշվի առնելով գնման առարկայի անհրաժեշտության հրատապությունը, գնահարցման պահանջ է հանդիսացել՝ Գնային առաջարկները կարող են գնահատվել՝ գնային առաջարկ/մատակարաման ժամկետ հարաբերակցությամբ։ ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի արժեքը կազմել է՝ 295867260,69 ՀՀ դրամ: Զոհված զինծառայողների գենետիկական նույնականացման գործընթացն արագացնելու նպատակով ձեռք է բերվել երկրորդ հոսքագիծը, որի մեջ ներառված են ԴՆԹ ավտոմատ անջատման սարք AutoMate Exspress DNA Extraction System (1 հատ), Proflex ամպիլֆիկատոր (1 հատ) և սեքվենատորը՝ ABI Prism 3500 վերլուծիչ (1 հատ), որը հնարավություն է տալիս միաժամանակ և ներբեռնել նմուշները վերլուծման համար և վերլուծել նախորդ նմուշները: Նախկին սեքվենատորը զուրկ է այդ հնարավորություններից:
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում մինչև երկրորդ հոսքագծի ձեռք բերումը կատարվում էր մոտավոր 12 ոսկրային հյուսվածքներից անջատված ԴՆԹ-ների վերլուծություն, իսկ դրա համար հետազոտվում էր մինչև 30-35 փորձանմուշ, երկրորդ հոսքագծի ձեռք բերումից հետո հասել է մինչև 30 նունականացումներ, իսկ դրա համար հետազոտվել են առնվազն 60-ից 70 նմուշ»,-մասնավորապես նշվել է հաղորդագրության մեջ: